ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ողջ աշխարհը գիտահանրամատչելի ֆիլմի միջոցով է տեղեկանում գիտական նորություններին»

«Ողջ աշխարհը գիտահանրամատչելի ֆիլմի միջոցով է տեղեկանում  գիտական նորություններին»
07.02.2014 | 13:16

«Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 14-ին տեղի կունենա «Արտավազդ Բ. պատիվը` կյանքից վեր» գիտահանրամատչելի ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորը Վահե Սուքիասյանն է, սցենարի հեղինակը` պատմաբան Արտակ Մովսիսյանը:
Գիտահանրամատչելի ֆիլմերը հետաքրքրո՞ւմ են հանդիսատեսին, և ի՞նչ խնդիրներ, դժվարություններ են լինում ֆիլմի ստեղծման ճանապարհին:
Անդրադառնալով մեր հարցերին` ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ նշեց, որ բնականաբար հետաքրքրում են, ողջ աշխարհը գիտահանրամատչելի ֆիլմի միջոցով է տեղեկանում գիտական նորություններին, տեղեկություններին:
«Արտավազդ Բ. պատիվը` կյանքից վեր»-ը Արտակ Մովսիսյանի չորրորդ ֆիլմն է: «Տիգրան Մեծի մասին, Նեմրութի մեծ սրբավայրի, նախամաշտոցյան գրերի, հիմա էլ` Արտավազդ Բ-ի մասին 300-400-էջանոց աշխատություններ հասարակ քաղաքացին դժվար թե կարդա,- ասաց նա:- Մինչդեռ 45-50 րոպեում այդ ինֆորմացիան հանրամատչելի ձևով մատուցվում է: Դրանք շատ ակտուալ են` և՛ քարոզչության, և՛ հայագիտության արդյունքները տեղ հասցնելու առումով: Դժվարությունները, բնականաբար, կապված են ֆինանսավորման հետ: Ֆիլմ նկարահանելը էժան հաճույք չէ: Նկարահանումներն արվել են Արևմտյան Հայաստանում, Պարսկաստանում, սահմանամերձ գոտիներում, Արտաշատի հնավայրում, Արմավիրում, բնականաբար դրանք ծախսերի հետ են կապված»:
Ֆիլմի ստեղծման ծախսերը հոգացել է լոսանջելեսաբնակ Նունե Սերոբյանը, ում ամուսինը` Ջո Յարալյանը, 46 տարեկան հասակում հանկարծամահ է եղել: Նոր ֆիլմը նվիրվում է նրա հիշատակին:
Արտակ Մովսիսյանը տեղեկացրեց, որ ֆիլմը կցուցադրվի նաև սփյուռքում, թարգմանվում է անգլերեն և ռուսերեն` օտարազգիների և սփյուռքի մեր այն հայրենակիցների համար, ովքեր չեն տիրապետում հայերենին: Զրուցակիցս նշեց, որ նման մեծ զանգված կա և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում:
Գիտահանրամատչելի ֆիլմերը հիմք կարող են դառնալ գեղարվեստական ֆիլմի համար: Այդ ուղղությամբ քայլեր արվո՞ւմ են` հետաքրքրվեցի:
Արտակ Մովսիսյանի կարծիքով` գեղարվեստական ֆիլմ միշտ կարելի է ստեղծել, բայց դա շատ մեծ ծախսերի հետ է կապված: Նախընտրելի է առհասարակ չնկարահանելը, քան հանրությանը վատ ֆիլմ մատուցելը, գաղափարը փչացնելը:
«Մեր պատմության մեջ այնքան հետաքրքիր թեմաներ կան, որ ամեն մեկից կարելի է «Գլադիատորի» կարգի ֆիլմ նկարահանել: Բայց դրա համար պետք է «Գլադիատորի» պես ֆինանսավորել»,- նշեց զրուցակիցս:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ